Friday, March 23, 2018

Մարդիկ․․․


Մարդիկ լինում են տարբեր։ Բայց մարդուն պետք է ընդունել այնպես ինչպես, որ նա կա։ Մարդիկ շատ ժամանակ ասում են, թե այս մարդը տգեղ է, ես նրա հետ ընկերություն չեմ անի։ Բայց դա շատ սխալ է, որովհետև կարող է այդ տգեղ մարդը քեզնից լավն է։ Հնարավոր է, որ նա շատ լավ հոգի ունի և նրա հետ շփվելուց կարող ես հաճույք ստանալ։ Կարող է նաև դու լինես գեղեցիկ, բայց ոչ ոք չուզենա քեզ հետ շփվել։ Կարևորը տեսքը չէ։ Կարևորը հոգին է։ 

Կիլիկյան Հայաստանի մշակույթը


Կիլիկիայի կերպարվեստ

Կիլիկիայի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության և կիրառական արվեստի նմուշներով։ Ի տարբերություն մյուս բնագավառների՝ գրքարվեստի հուշարձանների արտակարգ հարստությունը վկայում է գրքի ձևավորման աննախընթաց ծաղկումը նախորդ դարերի հայ մանրանկարչության համեմատությամբ։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը կազմավորվել է 12-րդ դարում. նշանավոր կենտրոններն էին Դրազարկը, Սկևռան, Հռոմկլան և Դռները։ Հայ նկարիչները մի քանի տասնամյակում ստեղծել են ինքնուրույն դիմագծով բարձր մակարդակի գրքի ձևավորման արվեստը։
Դրազարկի դպրոցը մեծ վերելք է ապրել 13-րդ դարում։ Որոշ ժամանակ այստեղ է ապրել Թորոս Ռոսլինի ուսուցիչներից Կիրակոսը, որը 1239 թվականին ծաղկել է ճաշոց։ Գրքարվեստի շքեղ նմուշներից են Գրիգոր Մլիճեցու ձևավորած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, ինչպես նաև 1197 թվականին ծաղկած և 1215 թվականի անավարտ Ավետարանները։
Սկևռայում է ստեղծագործել Կոստանդինը, որի նկարազարդած ձեռագիրը աչքի է ընկնում կիլիկյան գրքարվեստում առաջին անգամ հանդիպող 2 տերունական պատկերներով։ Հռոմկլայի հայտնի ամենահին ձևավորված ձեռագրի՝ 1166 թվականի Ավետարանի նկարազարդումներում արտացոլվել են 11-րդ դարի հայ մանրանկարչության ավանդույթները և Սև լեռան հայկական, հունական, վրացական և լատինական վանքերի համագործակցությամբ ստեղծված պատկերագրական օրինաչափությունները։ Հռոմկլայի դպրոցի ամենահայտնի վարպետների՝ Կիրակոսի ծաղկած Ավետարանների և Հովհաննեսի՝ 1253 թվականի Ավետարանի մանրանկարները պայմանավորել են այդ դպրոցի զարթոնքն ու նպաստել Թորոս Ռոսլինի արվեստի ձևավորմանը։ Ռոսլինն իր սաների հետ ծաղկած ձեռագիր մատյանների մանրանկարներում վերածնել է հին թեմաները, ներմուծել գրքի ձևավորման նոր եղանակներ, զարգացրել բազմանկար, պատմող, նկարչությունը։ Ռոսլինի արվեստը մեծապես ազդել է կիլիկյան մանրանկարչության հետագա զարգացման վրա։
Գրեթե նույն ժամանակ գրիչ և ծաղկող Հովհաննես Արքաեղբոր ջանքերով Գռների վանքին կից ստեղծվել է գրչատուն, որտեղ ծաղկած բազմաթիվ մատյաններում առաջին անգամ ի հայտ են եկել բազմաթիվ աստվածաշնչյան կերպարներ։ 1270 թվականից հետո ստեղծվել են հայ արվեստի մի շարք արժեքավոր ձեռագրեր, որոնց ծաղկողներն անհայտ են. «Վասակ իշխանի Ավետարանը», «Ութ մանրանկարիչների Ավետարանը», «Հեթում Բ թագավորի ճաշոցը»։
13-րդ դարի 2-րդ կեսին մանրանկարչությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել նաև Դրազարկի և Մաշկևորի վանքերում, Տարսոն, Մամեստիա, Սիս քաղաքներում։ Դրազարկում հայտնի են Հովհաննես Ծաղկողը և Թորոս Փիլիսոփան։ Թորոս Ռոսլինի և նրա հետևորդների բուռն շարժումը 14-րդ դարում աստիճանաբար մարել է։ 14-րդ դարի վերջի խոշոր մանրանկարիչը Սարգիս Պիծակն է, որն ստեղծագործել է Դրազարկում, Ասում, Սկևռայում և այլուր։ Նրա աշխատանքները զերծ են նախորդ վարպետների շարժուն, պաթետիկ լարվածությունից, ունեն գրափիկդեկորատիվ, չոր գծանկար և հարթապատկերային ոճ, կարևորված է զարդը։ Հետագա շրջանի մանրանկարչությունը զարգացել է նրա արվեստի ազդեցությամբ։

Կիլիկիայի մանրանկարչությունը

Կիլիկիայի մանրանկարչությունը գրքարվեստի պատմության մեջ բացառիկ է և ունի համամարդկային հնչողություն։ Պատմիչների վկայությամբ՝ 12-րդ դարի կոթողային գեղանկարչության պատկերներով զարդարված են եղել Սկևռայի, Ասի, Հռոմկլայի տաճարները։ Ծեփի շերտով են ծածկված Բարձրբերդի, Համուսի բերդի, Ասի, Անարզաբայի մատուռների պատերի որոշ հատվածներ։ Անարզաբայում Թորոս Ա-ի կառուցած եկեղեցու կենտրոնական խորանում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Կիլիկյան հայկական սրբանկարչության օրինակներ մեզ չեն հասել, ըստ գրավոր աղբյուրների՝ Անարզաբայի եկեղեցին զարդարված է Եղել Աստվածամոր սրբապատկերով։ Սրբապատկերներ կան նաև կիլիկյան առանձին ձեռագրերի մանրանկարներում։ Որոշակի առաջընթաց է ունեցել նաև քանդակագործությունը։ Նուրբ, գեղեցիկ քանդակների մնացորդներ են պահպանվել Անարզաբայի եկեղեցու շքամուտքի շրջանակից, քարե զարդագրերի եզակի օրինակներ՝ պատի շինարարական արձանագրությունից։ Անարզաբայի մատուռներից մեկի շարվածքում տեղադրված են 2 հին խաչքարեր։ 19-րդ դարում խաչքար է եղել նաև Տարսոնի Սուրբ Պողոս եկեղեցում, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու շարվածքում՝ վահանաքանդակներ։ Քանդակագարղվել են նաև տապանաքարերը։ Կիլիկյան հայկական քանդակի լավագույն նմուշ է Չանդրի՝ Սմբատ Սպարապետի կառուցած բազիլիկ եկեղեցու խաչքարի կտորը։ Դեռևս 19-րդ դարի սկզբին Հռոմկլայի Սուրբ Ներսես Շնորհալու եկեղեցում տեսանելի էին ներսի քանդակները, իսկ հայրապետական տաճարի խարսխի վրա երևում են կենդանական և բուսական մոտիվներով քանդակներ։ Հայտնի է նախկինում Լևոն Բ արքայի պատկերը համարվող հարթաքանդակը Լևոնբերդի վերին ամրոցի աշտարակի մուտքի ճակատակալին։

Ուշագրավ են Լևոն Ա-ի և Հեթում Ա-ի հատած դրամների պատկերագրությունները։ Կիլիկիայի ոսկերչության և արծաթագործության շատ քիչ նմուշներ են պահպանվել։ 13-րդ դարի կեսին Կլիկիայում իշխանությունների որոշմամբ հալեցվել են հին ծիսական սպասքը և այլ առարկաներ՝ նորերը պատրաստելու նպատակով, որի պատճառով ավելի վաղ շրջանի կիլիկյան հայկական արծաթագործության նմուշներ մեզ չեն հասել։ Ոսկերչության կենտրոններ են եղել Հռոմկլան, Սկևռան և Սիսը։ Պահպանված հայկական հնագույն արծաթե կազմը 1254 թվականին Ստեփանոս եպիսկոպոսի պատվիրած օրինակն է։ 1255 թվականին Հռոմկլայում Կոստանդին Ա Բարձրբերդցու պատվերով ստեղծվել է 1249 թվականի Ավետարանի արծաթե ոսկեզօծ կրկնակազմը։ 1254 թվականի կազմի հետ որոշակի պատկերագրական նմանություններ ունի Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանի» կազմի վրա մնացած խաչելությունը՝ Աստվածամոր և 2 հրեշտակապետների դիմաքանդակների հետ։ Հռոմկլայում պատրաստված այս կազմերի հետ որոշ մերձավորություն ունի Կոստանդին վանահոր պատվերով 1293 թվականիև Սկևռայի վանքում կերտված եռափեղկ սրբարան-պահարանը՝ նվիրված Հռոմկլայի գրավման ժամանակ զոհված հայ ռազմիկների հիշատակին։ Այն տեխնիկայի առումով եզակի է դրվագարվեստում և իրավամբ համարվում է կիլիկյան արծաթագործության գլուխգործոցը։ Կիլիկյան ոսկերչության բարձրարվեստ գործերից մինչև 19-րդ դարի վերջերը պահպանվել են նաև Հեթում Բի պատվերով 1296 թվականին պատրաստված ոսկե մասնատուփը և «Լևոնի խմելու թասը»։ Սկևռայի եռափեղկ սրբարան-պահարանի և 13-րդ դարի այլ գործերի հետ է աղերսվում Սուրբ Նիկողայոսի արծաթե մասնատուփը՝ աջի տեսքով։ 1334 թվականին Սսում Գրիգոր քահանայի պատրաստած արծաթե ոսկեզօծ կազմի մակագրություններով, բուսական նախշերով սրբերի դիմաքանդակներով շրջանակված բազմակերպար «Խաչելության» և «Ծննդյան» բարձրաքանդակ պատկերները փաստում են հեղինակի բացառիկ վարպետությունը։ Կիրառական արվեստի ընտիր նմուշներից է նաև Հեթում Ա արքայի կարմիր սաթե գավազանը, որը ծածկված է ոսկե զարդերով։ Պահպանված հուշարձանների կերտման տեխնիկական տարբեր եղանակաները, ոճական ինքնատիպությունը վկայում են ոսկերչության բարձր մակարդակի և յուրահատուկ դպրոցի մասին։ Կենտրոնական Հայաստանի 13-14-րդ դարերի ոսկերչությունից շատ քիչ նմուշներ են պահպանվել, ուստի կիլիկյան օրինակներն ամբողջացնում են այդ ժամանակի հայկական ոսկերչության զարգացման պատկերը։

Կիլիկյան Հայաստանի երաժշտություն

Կիլիկիայում երաժշտական մշակույթն սկզբնավորվել է 10-11-րդ դարերում՝ բուն Հայաստանից փոխանցված երաժշտական բանավոր և գրավոր ավանդույթների հիման վրա։ ժողովրդական երգ-երաժշտությունը ծաղկել է հատկապես 11-12-րդ դարերում, նկատելիորեն ազդել հոգևոր երգարվեստի վրա, նպաստել հայ տաղերգության ծագմանն ու զարգացմանը և այլն։ Գուսան, արվեստում համալրվել ու կատարելագործվել է ժողովրդական և մասնագիտացված նվագարանների միակցությունը, զարգացել են հայրենները և քնար, ու վիպարգական բանահյուսությունը։ Ժողովրդական և գուսանական երգերից սակավաթիվ նմուշներ են պահպանվել, մեզ հասած նյութերը հիմնականում վերաբերում են հոգևոր երաժշտությանը։ Անիի անկումից անմիջապես հետո ազգային հոգևոր երգարվեստը ծաղկել է նաև Կիլիկիայում։ Քիչ ավելի ուշ գրեթե լիակատար իրագործվել են հայ հոգևոր մասնագիտացված երաժշտության՝ որպես միաձայնային արվեստի, պատմական բազմադարյան զարգացման գլխավոր միտումները։ Ամբողջապես ազգայնացվել են պաշտամունքն ու պաշտոներգությունը՝ քրիստոնեական երաժշտաբանաստեղծական կենցաղավարող ժանրերի վերջնական հայացմամբ։ Մեղեդային, վիպաքնարականության տարրերի շնորհիվ հայ հոգևոր երաժշտությունը դարձել է քրիստոնեական արվեստի ազգային շքեղ հատվածներից։ Շարականերգությունը հարստացվել է դարձվածք, զարտուղի, ծանր ու ստեղի տիպի եղանակներով։ 13-րդ դարի 1-ին տասնամյակներում Սսում ստեղծվել է խազավոր Շարակնոցի առավել ամբողջ, խմբագրությունը, որը դարձել է Գևորգ Սկևռացու 13-րդ դարի վերջին խմբագրության հիմքը։ Ջարգացել են նաև «մանրուսման եղանակները», որոնք հանդիպում են 13-րդ դարից՝ մի շարք ուրույն խմբագրություններում՝ ժամանակի հեղինակավոր երաժշտապետների անուններով։ 13-րդ դարի կեսերին Սսում ստեղծվել է զարդոլորուն երգեցողությունների մեկ այլ մատյան՝ Գանձարանը։ Ավարտուն տեսք են ստացել թվերգի նշաններով Ավետարանը, Խազավոր Շարակնոցը, Ճաշոցը, Մաշտոցը, Ճառընտիրը և այլն։ Վանական համալիրներում, դրանց կից բարձրագույն տիպի դպրոցներում և արվեստանոցներում են դաստիարակվել ժամանակի նշանավոր երաժիշտ բանաստեղծներ Գրիգոր Գ Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Գրիգոր Անավարզեցին և ուրիշներ։ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը մեծ ու նշանակալի երևույթ է համահայկական, նաև համաքրիստոնեական չափանիշներով։ Կիլիկիայի՝ հայկական երաժշտամշակութային զարգացման մայրուղուց դուրս գալուց հետո էլ երկար ժամանակ շարունակվել է նրա ավանդույթների ազդեցությունը հայ իրականության վրա։ Առհասարակ ուշ միջնադարում հայ գրիչները, երգիչներն ու խազագետներն օգտվել են կիլիկյան ծիսակատարկան մատյաններից և աշխատել միաձուլել Կիլիկյան ու բուն Հայաստանի երաժշտական լավագույն ավանդույթները։

Իմ կարծիքով․․․
Որպես վաղ շրջանի դրսևորում՝ Կիլիկիայի մշակույթը շատ զարգացած էր։ Այն ինձ շատ դուր եկավ, բայց ամենաշատը մանրանկարչությունը, որովհետև ես ինքս շատ եմ սիրում նկարել։ Նկարներին նայելով` դրանք շատ գեղեցիկ և գույնզգույն են։


Աղբյուրներ՝


Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...